Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Օլգա Սարգսյանի բարձրացրած աղմուկն անհիմն է»

«Օլգա Սարգսյանի բարձրացրած աղմուկն անհիմն է»
06.05.2016 | 09:21

Մասիս քաղաքում ծագած և կարծես ավարտ չունեցող հակամարտությանը «Իրատեսն» անդրադարձել է «Ասպատակությունը Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում (01.03.2016 թ.), «Ну и семейка!» (18.03.2016 թ.), «Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին» (22.03.2016 թ.) և վերջապես «Մասիս քաղաքում նոր նվագներ են հնչում» (8.04.2016 թ.) հրապարակումներով: Հասկանալի է, որ պետք է հանդիպեինք նաև հակամարտության մյուս կողմի՝ քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ:
Մենք, ոչ մեր մեղքով, ուշացումով եղանք Մասիս քաղաքում: Քաղաքապետ Սաշա Հակոբյանը հարգելի պատճառներով հետաձգեց մեր ապրիլմեկյան հանդիպումը: Այնուամենայնիվ, նախորդ ուրբաթ օրը «Իրատեսի» լրագրողական-հետաքննական «դեսանտը» Մասիս քաղաքում էր: Նախ եղանք քաղաքի խնդրո առարկա վայրերում՝ լճափին, թիվ 1 մանկապարտեզում և այլն: Հետո ինքս զրուցեցի քաղաքապետ ՍԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ Հանրապետության հրապարակի լճակ-լողավազանի անցյալի և ապագայի մասին, գործընկերներս տեղազննեցին թիվ 1 մանկապարտեզի տնօրենի և քաղաքապետարանի միջև առկա հակամարտությունը:

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ Է»


-Պարոն Հակոբյան, 2014-ի մայիսի 15-ին կայացած աճուրդում Դուք և՛ աճուրդավար էիք, և՛ աճուրդի կազմակերպիչ: Աճուրդի ներկայացված 100 լոտ հողատարածքից 92-ը աճուրդի է ներկայացվում կադաստրային արժեքի 50 % զեղչով: Նշյալ աճուրդում Ձեր որդիները, Ձեր եղբայր Միշա Հակոբյանը և նրա որդի Կարոն անվարան շահում են աճուրդը: Մեկնաբանեք, խնդրում եմ, հանրային քննարկման առարկա դարձած վերոնշյալ երևույթը:
-Որպես քաղաքապետ ես, այո, հանդիսացել եմ աճուրդի կազմակերպիչը: Աճուրդների անցկացման մասին օրենքում հստակ գրված է՝ աճուրդավարի հարազատները իրավունք չունեն մասնակցելու աճուրդին: Աճուրդի կազմակերպչի վերաբերյալ չկա որևէ սահմանափակում: Այսինքն, ես որևէ անօրինականություն թույլ չեմ տվել: Եթե տղաս կամ եղբայրս շահել են աճուրդում, դրանում չկա որևէ պախարակելի բան: Ամենակարևորը՝ ես աճուրդավար չեմ եղել, 2014-ի մայիսի 15-ի աճուրդավարը մեր գյուղբաժնի գլխավոր մասնագետն էր: Ահա Ձեզ եմ ներկայացնում դատախազության որոշումը, կապված նշյալ աճուրդում իմ կարծեցյալ իշխանության չարաշահման հետ, հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է:
-Եկեք մի պահ օրենքից հեռանանք և խնդիրը դիտարկենք զուտ բարոյական տեսանկյունից. արդյոք հանրայնորեն ընկալելի՞ է, երբ քաղաքապետի մերձավորներն են շահում աճուրդում:
-Ես չեմ կարող Ձեզ հետ համաձայնել, 92 լոտ հողակտորը (1 լոտը 1500 քմ գյուղատնտեսական նշանակության հողակտոր է, բնակավայրի և արդյունաբերական նշանակության հողատարածքի դեպքում սահմանափակում չկա. ծանոթ.` հեղինակի), շահել են 88 այլ անձինք, ովքեր, հավատացեք, իմ ընտանիքի հետ չունեն որևէ առնչություն:
-Անդրադառնանք մեր հրապարակումների հաջորդ թնջուկին. ինչո՞ւ չի գործում Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակի լճակ-լողավազանը:
-Հավանաբար տեղյակ եք, որ Արարատյան դաշտի ընդերքի ջրերը վերջին տարիներին էապես նվազել են:
-Տեղյակ եմ:
-Տվյալ տարածքում ունեինք ինքնահոս շատրվանող արտեզյան ջրեր, սակայն ջրերի նվազման պատճառով դրանք անհետացել են, և Ձեր հիշատակած լճակ-լողավազանը այլևս չենք կարող օգտագործել: Եթե ջուր լցնենք, այն, ինչ խոսք, ճահճանալու է:
-Որպես քաղաքապետ ներկայացրեք լճակի ապագան. ի՞նչ սպասեն Մասիսի քաղաքացիները:
-Նախկին լճակը 3300 քմ տարածք է զբաղեցնում, մեր քաղաքի սեփականությունն է, և ես շատ եմ ցանկանում, որ այնտեղ հանգստի գոտի ստեղծվի: Այս խնդրով դիմելու եմ ՀՀ կառավարությանը՝ խնդիրը կարգավորելու նպատակով:
-Անջուր լճակ-լողավազանի տարածքը ժամանակի ընթացքում մասնավոր անձանց չի՞ նվիրաբերվելու:
-Միանշանակ ո՛չ:


«ԹՈՂ ՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ
ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»


-Սուր հակամարտություն է առաջացել Ձեր և գործարար Օլգա Սարգսյանի միջև: «Իրատեսը» դրան անդրադարձել է, հենվելով տիկին Օլգայի տեսակետների վրա: Խոսքը Ձեզ է տրվում, ներկայացրեք խնդիրը:
-Օլգա Սարգսյանի բարձրացրած աղմուկն անհիմն է: Տեսեք, ես Ձեզ հետ խոսում եմ միայն փաստերը ներկայացնելով, նա հանդես է գալիս անհիմն հայտարարություններով, պնդում է, որ թիվ 1 մանկապարտեզի հովանավորն է: Բարի, սակայն թող նա Ձեզ ներկայացնի իր հովանավորչական գործունեությունը հիմնավորող որևէ փաստաթուղթ:
-Ես եղա թիվ 1 մանկապարտեզում, վիճակն անմխիթար էր, տարածքն անբարեկարգ է, շենքը նույնպես:
-Չէի ասի անմխիթար, կասեի, որ մանկապարտեզը, իրոք, ունի վերանորոգման կարիք:
-Վերանորոգեք, ջրավազանի հիշատակն էլ վառ պահեք` այնտեղ հանգստյան գոտի հիմնելով: Ի դեպ, ջրավազանամերձ ինչ-որ անհասկանալի շինություններ են վեր խոյանում:
-Երբ ժամանակը գա, դրանց սեփականատերերին կպարտադրենք, որ իրենց շենքերի հարակից տարածքները բարեկարգեն և գեղեցկացնեն: Ի դեպ, դրանք հասարակական նշանակության շինություններ են:


Զրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ